Դպրոցի պատմություն

1968 թվականի սեպտեմբերի 1-ին Ալավերդի քաղաքի  Դեբեդ թաղամասում հիմնադրվեց Ե. Չարենցի անվան դպրոցը: 1-2 տարրական դասարան ունեցող դպրոցի փոխարեն եռահարկ շենք՝ միջնակարգ կրթությամբ:            Դպրոցի տնօրեն և փոխտնօրեն նշանակվեցին փորձառու ուսուցիչներ Սեդրակ Անանյանը և Սեդա Բոչոլյանը: Ստեղծվեց ուսուցիչների մի հրաշալի կոլեկտիվ: Ահա նրանք՝ առաջին նվիրյալները՝ Ժենյա Մանուկյան, Էլմիրա Լալայան,Աշխեն Թադևոսյան, Սվետլանա Էվոյան, Լյուդմիլա Յարոշկովա, Աննա Ֆեոդորովնա, Լուիզա Մաթևոսյան, Սուսաննա Կոտանովա, Հովհաննես Վարոսյան, Լադիկ Վարոսյան, Գարգամիկ Չոբանյան, Լաուրա Բաբայան, Սիլվա Թորոսյան, Լևոն Ջավախյան, Սուրիկ Ծատինյան, Արփիկ Հովհաննիսյան: Դպրոցի առաջին ավագ ջոկատավարն էր Լարիսա Փարեմուզյանը, գրադարանավարը՝ Անիկ Վանեսյանը: Եռահարկ շենքի մաքրությունն ու գույքի պատասխանատվությունն  ապահովում էին Մաքսիմ Աթաբեկյանը, Ջուլիետա Վարոսյանը, Անգին Վարոսյանը, Ղալամ Մելքումյանը: Ծնողխորհրդի առաջին նախագահն էր Հմայակ Աբելյանը:Հետագա տարիներին նրան փոխարինեցին Վոլոդյա Պեպանյանը, Մաքսիմ Ղարդյանը,Լիդա Գասպարյանը, Վանուշ Հարությունյանը, Մերուժան Աբելյանը, Մերուժան Բադալյանը:

  1970-1971 ուստարում դպրոցը տվեց  իր առաջին շրջանավարտներին:  Այս տարիներին դպրոցն ունեցավ ձեռքբերումներ և ավանդույթներ:

Մարտի 13-ը՝ Ե. Չարեցի ծննդյան օրը, դարձավ դպրոցի տրադիցիոն օր և մինչ օրս ամեն տարի այդ օրը նշվում է մեծ շուքով:

   Հերթափոխվում են աշակերտներն ու ծնողները,տնօրեններն ու փոխտնօրենները:

         1975 թվականին ուսումնական գծով փոխտնօրեն է նշանակվում Ժենյա Մանուկյանը , դաստիարակչական աշխատանքների գծով՝ Ալվարդ Բաբայանը,այնուհետև Անահիտ Չախալյանը:

       1982 թվականին տնօրեն է նշանակվում Վիկտր Մելիքյանը:

 Այդ տարիներին այստեղ էին գործում պատմության(ուսուցիչ Ա.Առաքելյան), քիմիայի (ուսուցիչ Ս. Բոչոլյան) և ուսմասվարների առաջավոր փորձի դպրոցները:

      Ու մի օր էլ Օձունի պետական տնտեսության մեխանիզատոր Սերյոժա Չոբանյանը հատեց Սեդա Բոչոլյանի կողմից ստեղծած հացի թանգարանի մուտքը երիզող ժապավենը, ու բոլոր մասնակիցների աչքն առաջին հերթին գրավեց մեր երկրի գերբը՝ քառատողով.

Ոչ հզոր արծիվ, ոչ էլ բորենի:

Մենք գերբ կերտեցինք արևի շողով

 Եվ նկարեցինք հասկեր ցորենի

Եվ զարդարեցինք մուրճ ու մանգաղով:

         1987թվականին դպրոցի տնօրեն նշանակվեց Վանյա Թանդիլյանը: Փոխտնօրեն  նշանակվեց Ջուլիետա Նիկողոսյանը,այնուհետև Օֆելյա Ալեքսանյանը: 1996թ. ուսումնական գծով փոխտնօրեն նշանակվեց Անահիտ Գորգինյանը, դաստիարակչական աշխատանքների  գծով՝ Գոհար Ավետյանը:

       Վրա հասավ 1988 թվականի ահեղ երկրաշարժը և ավերեց ամեն ինչ: 13 տարի դասապրոցեսն անցկացվեց տնակային պայմաններում: Բայց դա էլ չկոտրեց չարենցականների ոգին:

    2001 թվականին տնօրեն նշանակվեց Անահիտ Գորգինյանը, փոխտնօրեն՝ Լյուդմիլա Մելքումյանը: Ու հենց նույն տարվա սեպտեմբերի 1-ին դասապրոցեսն սկսվեց վերակառուցված դպրոցում: 2012 թվականին փոխտնօրեն նշանակվեց Արմինե Ղարդյանը:

  Հերթափոխվեցին սերունդները, սակայն պահպանվեցին ավանդույթները և այսօր , երբ նայում ես հետ, ուզում ես ասել ՝ ապրեն այն մարդիկ, ովքեր ստեղծեցին, սրբորեն պահպանեցին ու հանձնեցին հետագա սերունդներին: